«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Բաց պատուհան է խաղաղ բանակցությունները շարունակելու համար

Բաց պատուհան է խաղաղ բանակցությունները շարունակելու համար
14.06.2025 | 10:20

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին «Ամ կա լավի» (ժողովուրդն ինչպես առյուծ) գործողության մեկնարկի մասին, որը նպատակ ունի թիրախավորել Իրանում ռեժիմի միջուկային ծրագիրը և հեռահար հրթիռների արձակման հնարավորությունները։

Առաջին հարվածները հասցրել են Իսրայելի ՌՕՈՒ բազմաթիվ ինքնաթիռներ՝ Իրանի տարբեր մասերում գտնվող մի քանի տասնյակ ռազմական թիրախների՝ ստրատեգիական ենթակառույցների, հրամանատարական կենտրոնների, ռազմական օբյեկտների, շտաբների և միջուկային օբյեկտների վրա։

Ըստ իսրայելական կողմի, երեք հիմնական գործոններ են պատճառ դարձել ռազմական օպերացիայի իրականացման համար.

Առաջին գործոնն այն է, որ Իրանն արագորեն մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը։ Այն արդեն ունի բավարար հարստացված ուրան՝ 15 միջուկային ռումբերի համար, և իրանցի գիտնականներն արդեն աշխատում են բաղադրիչների հավաքման վրա։ Ըստ հրեական կողմի, իրանական միջուկային նախագիծը գտնվում է այնպիսի փուլում, որն իրենց ստիպել է չհապաղել և չուշացնել արձագանքը։

Հաջորդ պատճառն Իրանի բալիստիկ հրթիռների քանակներն են, որոնց թիվը կրկնապատկելու կամ եռապատկելու ծրագրեր կան հաջորդ տարվա ընթացքում:

Ըստ իսրայելական կողմի, իրենց համար դա ինքնին գոյության սպառնալիք է, նույնիսկ, եթե հաշվի չառնեն միջուկային ծրագիրը։

Եվ երրորդ պատճառը, զենքի և զինամթերքի ակտիվ փոխանցումն է տարածաշրջանում գտնվող պրոքսի ուժերին։

Ըստ Իսրայելի պաշտոնական վարկածի, Իրանը մշակել է Իսրայել պետությունը ոչնչացնելու ծրագիր՝ իրանական բոլոր ճակատներից զանգվածային և ճշգրիտ կրակի կիրառման, տարբեր ուղղություններից բեռնատարներով ցամաքային ներխուժման, ինչպես նաև հարևան Հորդանանում և Եգիպտոսում ներքին կայունության խաթարման և հարաբերությունների լարման միջոցով։

Թել Ավիվը պատրաստել է գործողություն, որը կարող է տևել առնվազն մի քանի օր: Ակնկալում են նաև ինտենսիվ հրետակոծություն Իրանից:

Հաստատվել է ԱՄՆ զինված ուժերի հետ համակարգումը և ներդաշնակեցումը:

ԱՄՆ նախագահ Թրամփն արդեն հայտարարել է, որ թեկուզ ԱՄՆ-ը ներգրավված չէ հարվածներ հասցնելու գործում, սակայն իրենք կպաշտպանեն Իսրայելին (եթե կանչեն), ինչպես նաև հույս է հայտնել, որ Իրանը կվերադառնա խաղաղ բանակցություններին:

Ըստ միջազգային լրահոսի նախնական գնահատականների, առաջին հարվածը անսպասելի էր Իրանի համար՝ թե՛ մասշտաբով, թե՛ աշխարհագրությամբ։

Իրանը բնականաբար նախաձեռնելու է պատասխան հարված, որը ենթադրվում է՝ չի ուշանա:

Արդեն, իսկ կա տեղեկատվություն, որ Իրանը շուրջ 100 ԱԹՍ է բաց թողել Իսրայելի ուղղությամբ:

Իրանը շարունակում է առաջ մղել միջուկային ծրագիրը, իսկ Իսրայելի գործողությունները խոսում են այն մասին, որ կողմերը հասել են անդառնալիության կետին: Թեկուզ և խոսվում է ընտրված թիրախների դեմ հարվածային օպերացիան մեկ շաբաթում ավարտելու մասին, սակայն այս ռազմական գործողությունը տարածաշրջանային մասշտաբով բախումների վերածվեու բավարար պոտենցիալ ունի:

Այդ պարագայում մեր երկիրը կարող է հայտնվել չափազանց ծանր վիճակում:

Սա առանձին թեմա է:, որին պետք է միշտ պատրաստ լինել:

ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա Օմանի Մասկատում, այս կիրակի՝ հունիսի 15-ին, ինչն այս պահին չի չեղարկվել: Սա դեռևս բաց պատուհան է խաղաղ բանակցությունները շարունակելու համար և հուսանք, որ այն կնպաստի ռազմական գործողությունների դադարեցմանը և չծավալվելուն:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ